ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանալուց հետո ազատ արձակվեց կալանքից։
Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո լրագրողի հարցին, արդյոք ընդունե՞լ է պատգամավորական մանդատն ազատ արձակվելու համար, Քոչարյանն ասաց, որ հիմա պատրաստ չէ խոսել մանդատի մասին, այս ամենն իր համար անակնկալ էր։
«Ես հիմա չեմ պատրաստվում խոսել մանդատից, պատգամավորական այդ ամեն ինչից։ Այս ամեն ինչն ինձ համար անկեղծ անակնկալ էր, հիմա կարևորը, որ ես դրսում եմ, մնացածի մասին հետո երևի առիթ կլինի, կխոսենք», - ասաց նա:
Նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի երեք թեկնածուներ՝ Միգրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։ Այսպիսով, պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։