Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական ձեռնարկությունը կտեղափոխվի այլ վայր, երեքշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Արարատի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի մոտ կառուցվող «GTB Steel» ՍՊԸ-ի գործարանը հունիսի 13-ից պարբերաբար գնդակոծվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Մասնավորապես, օգոստոսին տուժել էին Հնդկաստանի երկու քաղաքացի աշխատակիցներ, վնասվել էին շինարարական տեխնիկան և շինությունները։
Ինչպես երեքշաբթի լրագրողների հետ զրույցում նշեց Քերոբյանը, նոր վայրն, այնուամենայնիվ, գտնվելու է սկզբնական վայրից ոչ հեռու։ Նրա խոսքով՝ տեղափոխման և շինարարության գործընթացն ընթացքի մեջ է։ «Մենք գործ ունենք մասնավոր ներդրումների հետ։ Շինարարությունն իրականացվում է մասնավոր միջոցներով։ Ուստի ներդրողները իրենք են որոշում իրենց հետագա քայլերն ու գործողությունները։ Մենք, հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանային միջավայրը, փորձում ենք հնարավորինս օգտակար լինել նրանց համար»,- ասաց նախարարը։
Գերատեսչության ղեկավարը համոզված է, որ անկայուն իրավիճակը լուրջ խոչընդոտ է Հայաստանում իրականացվող ներդրումների և տնտեսական ծրագրերի համար։ «Տարածաշրջանում խաղաղությունը մեծ նշանակություն կունենա ներդրումային գրավչության տեսանկյունից։ Եվ մենք պետք է ձգտենք ապահովել, որ տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն»,- ընդգծեց նախարարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի ներդրողները պատրաստվում են 70 մլն դոլար ներդնել գործարանում, որը Երասխում կառուցում է GTB Steel LLC ընկերությունը։ Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծության պատճառով գործարանի շինարարությունը կաթվածահար է եղել, ուստի որոշում է կայացվել տեղափոխել այն։