Չինաստանը Հայաստանին կտրամադրի ավելի քան 10 մլրդ դրամ (ավելի քան 26 մլն դոլար)՝ որպես աջակցություն երկրում ամենամեծ հեռուստաստուդիայի կառուցման համար։
Համապատասխան պայմանագիրն ուրբաթ օրը Հանրային հեռուստաընկերությունում ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի Առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Չժան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի դեսպան Յուն Ֆանգը և հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Ներդրված գումարը կուղղվի 8-րդ հեռուստաստուդիայի կառուցմանը, տեղեկանում ենք Հանրայինի ֆեյսբուքյան էջից։ «Սա կլինի անկախության շրջանում հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որտեղ կգործի ՀՀ-ում ամենամեծ հեռուստաստուդիան՝ 1000 քմ տարածքով։ Այնտեղ կնկարահանվեն մշակութային և ժամանցային լայնածավալ նախագծեր։ Շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի»,- ասվում է հաղորդագրությունում։