Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց փոփոխությունները, որոնք թույլ են տալիս կանանց կամավոր զինվորական ծառայություն անցնել։
Զինվորական ծառայության համար դիմելու իրավունք կարող են ունենալ նաև 18-ից 27 տարեկան կանայք: Կանանց համար զինվորական ծառայությունը կիրականացվի կամավորության սկզբունքով, ծառայության ժամկետը կկազմի ընդամենը 6 ամիս։ Դրանից հետո նրանք կստանան միանվագ վճար՝ 1 մլն դրամ։ Առողջական պատճառներով վաղաժամ զորացրվելու դեպքում այդ գումարը կբաժանվի ամիսների։ Բացի այդ, զինվորականները որոշակի աշխատավարձ կստանան հենց ծառայության ընթացքում։
Բանակ զորակոչված կանայք զորամաս կուղարկվեն առանց վիճակահանության և առանց հետագայում այլ ստորաբաժանումներ տեղափոխվելու հնարավորության։ Հատուկ կանանց համար ուսումնական զորամասերից մեկի կազմում կկառուցվի առանձին զորանոց։ Այնտեղ կտեղավորվի կանանց վաշտը։ Վաշտի հիմքի վրա կստեղծվի կանանց գումարտակ՝ կանանց գունդ ստեղծելու հեռանկարով։ Հրամանատարական կազմը նույնպես կնշանակվի կանանցից։
Զինվորական ծառայությունն ավարտած կանայք կգրանցվեն ռեզերվում և անհրաժեշտության դեպքում կարող են կրկին զորակոչվել։ Դիտարկվում է այս տարի՝ ձմեռային զորակոչի ընթացքում կանանց ծառայությունը բանակում կազմակերպելու հնարավորությունը։