Գնա ընտրության
27-04-2026 17:39

Կովկասի մահմեդականների վարչությունը պատասխանում է Էջմիածնին. «Անօրինական շինությունների քանդումը ժառանգության ոչնչացում չէ»

Լարվածությունը Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության շուրջ շարունակում է աճել։ Կովկասի մահմեդականների վարչությունը (ԿՄՎ) կտրուկ պատասխան է տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, որը նախկինում դատապարտել էր Ադրբեջանին Ստեփանակերտում հայկական եկեղեցիների և հուշարձանների ոչնչացման համար։

Իր հայտարարության մեջ ԿՄՎ-ն հերքել է վանդալիզմի մեղադրանքները՝ պնդելով, որ «օկուպացիայի ընթացքում կառուցված երկու անօրինական շինությունների քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում»։ ԿՄՎ-ի դիրքորոշումը հիմնված է այն փաստի վրա, որ այդ կառույցները կառուցվել են առանց համապատասխան թույլտվության այն տարածքներում, որոնք, ըստ նրանց, ապօրինի օկուպացված են եղել։ Վարչությունը նաև ընդգծել է, որ հայրենի վայրեր վերադարձող նախկին տեղահանվածները բազմիցս դիմել են պետական և դատական մարմիններին՝ պահանջելով ապամոնտաժել օկուպացիայի ընթացքում կառուցված շինությունները։

Ավելի վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը մտահոգություն էր հայտնել Արցախում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում էր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուն և Սուրբ Աստվածամոր հովանու Մայր տաճարին, ինչպես նաև բազմաթիվ խաչքարերին ու այլ հուշարձաններին։ Էջմիածինը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի գործողությունները՝ դրանք անվանելով «մշակութային ոճրագործություն» և կոչ արել Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը հրատապ քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու վանդալիզմի ակտերը։

Ի պատասխան հայտարարության՝ ԿՄՎ-ն նաև նշել է, որ «նման շինությունների ապամոնտաժման համար կան ինչպես իրավական, այնպես էլ բարոյական հիմքեր՝ ներառյալ Ղարաբաղյան առաջին պատերազմի իրադարձությունները»։ Վարչությունը զգուշացրել է, որ «այս պատմական իրականության խեղաթյուրման փորձերը, հատկապես նման զգայուն շրջանում, խաթարում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերը»։ ԿՄՎ-ն կոչ է արել դադարեցնել նման հայտարարություններն ու «քաղաքական սադրանքների պրակտիկան»։

Էջմիածինը, իր հերթին, ընդգծել էր, որ «պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել էր, որ «չի կարծում», թե Ստեփանակերտի Մայր տաճարի հարցը պետական մակարդակով միջազգային քննարկումների առարկա կդառնա։ Նա կոչ էր արել զգուշավոր լինել նման թեմաների նկատմամբ, հատկապես հիմա, քանի որ դրանք «երկսայրի սուր են» և կարող են ավելի բարդացնել տարածաշրջանի առանց այն էլ բարդ իրավիճակը։

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ
Օսիպյանը ՔԿՀ-ից Փաշինյանից ներողություն է պահանջում՝ արցախցիներին վիրավորելու համար
Շոյգու. Ղարաբաղյան հակամարտության ժամանակ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը
Բա որ մերը չէր, ինչի՞ եք էդ երեխեքին ուղարկել պատերազմ. Հայկ Մարությանի կոշտ հարցը
Ադրբեջանը խզում է հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ՝ Արցախի բանաձևի պատճառով