Գնա ընտրության
25-04-2026 13:32

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Տատիկ-պապիկ», գտնվում է հիմնահատակ ոչնչացման լուրջ վտանգի տակ։ Այս մասին ահազանգել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը՝ մատնանշելով ադրբեջանական շրջանակներում շրջանառվող հայտարարությունները և նախկինում տեղի ունեցած վանդալիզմի դեպքերը։

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հայկական ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության անքակտելի խորհրդանիշներից է։ Այն ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից։ Կարմիր տուֆից կերտված, շուրջ 9 մետր բարձրությամբ այս կոթողը տեղադրված է բլրի գագաթին՝ խորհրդանշելով արցախյան հողի և ժողովրդի միջև անքակտելի, արյունակցական կապը։ Քանդակը ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի կանգնած, հպարտ ու անսասան կեցվածքով։ Այն չունի պատվանդան, կարծես բխում է հենց հողից՝ մարմնավորելով ժողովրդի խոր արմատներն ու անքակտելի կապը հայրենիքի հետ։ Այս ստեղծագործությունը միջազգային հարթակներում ևս արժանացել է բարձր գնահատականի՝ ներկայացվելով իտալական Կարարա քաղաքում կազմակերպված հեղինակավոր ցուցահանդեսում և ճանաչվելով որպես համաշխարհային մշակութային արժեք։

Հուշարձանի պատմությունը լի է նաև դիմադրության դրվագներով։ Դեռևս խորհրդային տարիներին այն բախվել է քաղաքական դիմադրության՝ Սովետական Ադրբեջանի ղեկավարության բացահայտ ընդդիմության պայմաններում, սակայն, չնայած ճնշումներին, կանգնեցվել է՝ դառնալով ոչ միայն արվեստի, այլև դիմադրության խորհրդանիշ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններից և դրան հաջորդած Արցախի ամբողջական բռնազավթումից ու արցախահայության բռնի տեղահանումից ընդամենը օրեր անց՝ սեպտեմբերի 29-ին, ադրբեջանական ուժերը Ստեփանակերտի բռնազավթման օրը հուշարձանի վրա տեղադրեցին Ադրբեջանի դրոշը՝ ցուցադրաբար ոտնահարելով դրա պատմամշակութային նշանակությունը։ Ավելին, 2024 թվականի նոյեմբերին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին նորանոր վանդալիզմի դեպքեր․ հուշարձանի ինչպես առջևի, այնպես էլ հետևի հատվածներում արձանագրվել են վնասներ և հայատյաց, վիրավորական գրություններ։ Վնասվել է նաև հուշարձանի շրջակայքը։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են հուշարձանի ամբողջական ոչնչացման վերաբերյալ հայտարարություններ։ Այս մտահոգիչ զարգացումները հիմնավորված են նախկինում տեղի ունեցած դեպքերով. նմանատիպ սցենար արդեն իսկ կիրառվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի նկատմամբ, որոնց ավերմանը նախորդել էին նույնաբովանդակ քարոզչական հրապարակումներ։ Այս հանգամանքը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի առջև՝ ենթարկվելով ամբողջական ոչնչացման սպառնալիքին։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ արձագանքի այս ահազանգին՝ կանխելու մշակութային ժառանգության հերթական աղետը։

Կովկասի մահմեդականների վարչությունը պատասխանում է Էջմիածնին. «Անօրինական շինությունների քանդումը ժառանգության ոչնչացում չէ»
Օսիպյանը ՔԿՀ-ից Փաշինյանից ներողություն է պահանջում՝ արցախցիներին վիրավորելու համար
Շոյգու. Ղարաբաղյան հակամարտության ժամանակ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը
Բա որ մերը չէր, ինչի՞ եք էդ երեխեքին ուղարկել պատերազմ. Հայկ Մարությանի կոշտ հարցը
Ադրբեջանը խզում է հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ՝ Արցախի բանաձևի պատճառով