ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․
«Նոյեմբերի 6-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, ՀՀ քաղաքացիություն ստանալու իրենց դիմումները կարող են ներկայացնել Երևանում՝ Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում: Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների կողմից ներկայացվող դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում»:
Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների մասին
Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ՝ օգտագործելով հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել հանրապետության բոլոր պետական կառույցները լուծարելու մասին։ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ.
100632 բնակիչ հարկադրաբար լքել է Արցախի Հանրապետությունը և տեղափոխվել Հայաստան. Մեծամասնությունն արդեն ստացել է 100 հազար դրամ միանվագ նպաստ։ Առաջիկայում կսկսվեն 50 հազարական դրամի վճարումները վարձակալության (միայն Հայաստանում անշարժ գույք չունեցող անձանց համար) և կոմունալ ծախսերի համար։ Գործարկվել է առաջնային կարիքների https://e-soc.am հարթակը և ՀՀ սոցապ նախարարության «114» թեժ գիծը։