Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
«Այժմ, երբ Ադրբեջանն ամեն ինչ անում է փլուզելու Արցախի և տարածաշրջանի անվտանգության փխրուն ճարտարապետությունը և ՌԴ երաշխիքները՝ Արցախի շարունակվող շրջափակման ու սպառնալիքների միջոցով, մենք վստահ ենք, որ մեր ռազմավարական շահերի ներդաշնակեցման և ջանքերի համատեղման միջոցով մեր երկու ժողովուրդներին կհաջողի ապահովել տարածաշրջանային կայուն ու արժանապատիվ միջավայր բոլոր կողմերի համար»,- ասված է ուղերձում։
Նշվում է, որ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև հայոց ու ռուսական պետականությունների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները ձևավորել են նշանակալի պատմություն և մեծ ներուժ հետագա զարգացման համար: Այդ հարաբերություններում իր ուրույն տեղն է ունեցել և ունի նաև Արցախը՝ որպես Հարավային Կովկասի կարևոր սուբյեկտներից մեկը: Այդ կարևորության ցուցիչներից մեկն էլ 2020թ. պատերազմի հրադադարի կնքումն էր Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ ու երաշխավորմամբ:
«Ուստի, մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դերակատարությունը 2020թ. արյունահեղության կասեցման և Արցախում հետագա նոր լայնածավալ ագրեսիաների ու ողբերգությունների կանխման հարցում: Արցախի ժողովուրդը սրտաբաց է ընդունել ռուս խաղաղապահների առաքելությունը՝ նրանց մեջ տեսնելով սեփական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու ամուր երաշխիքներ»,- ասված է ուղերձում։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ է տեղադրվել։ Երևանը և Ստեփանակերտը դատապարտել են Ադրբեջանի կողմից ՌԽԶ վերահսկողության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը և կոչ արել Մոսկվային վերացնել Բաքվի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը։