Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած խոսքերը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին չեն նշանակում, որ որոշումն արդեն կայացված է, ասել է Արցախի նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը։
«Ավելին, սա չի նշանակում, որ այս որոշումը կյանքի կկոչվի... Նա (Փաշինյանը) իրավունք չունի ինքնուրույն ապրող Արցախի ժողովրդի անունից որոշում կայացնելու։ Երկրորդ՝ կան բազմաթիվ սահմանափակումներ, որոնք իրավասություն չեն տալիս մեկ անձի՝ նման որոշում կայացնելու։ Երրորդ՝ գալով իշխանության՝ նա խոստացել էր, որ ոչ մեկն իրավունք չի ունենալու նման որոշում կայացնելու, և նման որոշում կայացնելու է միայն ժողովուրդը»,- ասել է Վարդանյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա առաջարկել է հիմա չդրամատիզացնել իրավիճակը։ «Ես կարծում եմ, որ Փաշինյանի հայտարարությունը նրա անձնական կարծիքն է, որը նա փորձում է փաթաթել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի վզին։ Բայց այդ որոշումը չի ընդունվելու։ Ես համոզված եմ, որ մեծ թվով մարդիկ կհամախմբվեն և կպահանջեն հանրաքվե»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, հանրաքվեն անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ անձամբ համոզվի, որ Արցախում և Հայաստանում ապրող ժողովուրդը միահամուռ են հետևյալում՝ անհնարին է համարում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը։
«Ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է, ուստի Արցախում ապրող 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց ապագան, և դրսից ոչ մեկը չի կարող նրանց վզին փաթաթել այդ որոշումը»,- ասել է նախկին պետնախարարը։
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին՝ ղարաբաղցիների իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու պայմանով։