Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն չեն գոհացնում արցախյան հիմնախնդրի շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքները։
«Անցյալ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում և բանակցությունների հերթական փուլը։ Պետք է տեղեկացնեմ, որ թեմաներից մեկը վերաբերվել ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիաճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։ Մենք քննարկել ենք այդ թեման մեր ռուս գործընկերների հետ. չեմ կարող ասել, որ քննարկման արդյունքները գոհացնող են»,- երկուշաբթի ՀՀ խորհրդարանում ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ հրապարակավ հայտարարել է, որ անօրինական շրջափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ, և դա մտահոգիչ է։
«Մենք կշարունակենք քննարկումները, այդ թվում՝ մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի կարգավորենք այս իրավիճակը»,- ասաց նա։
Փաշինյան-Ալիև լեզվակռիվը
Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում լեզվակռիվ է սկսվել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։ Իլհամ Ալիևը, մասնավորապես, ասել է, որ Հայաստանը, փաստորեն, ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, հիշեցրել է այսպես կոչված «Զանգեզուր» միջանցքի բացման իր նախաձեռնությունը և ասել, որ Լաչինի «ճանապարհը» աշխատում է։
Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու փաստը։ Նա նշել է, որ Ալիևն օգտագործել է արտահայտություն, որը վերջին տարիներին օգտագործվել է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները քողարկելու համար, ինչպես նաև հիշեցրել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը։
Հանդիպմանը հաջորդել են եռակողմ բանակցություններ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքը շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետերի հանդիպումների շրջանակում։