Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր բանակցություններ կվարեն Մոսկվայում, իսկ վաղը կմասնակցեն Տիեզերագնացության օրվան նվիրված միջոցառումներին։
Լուկաշենկոն աշխատանքային այցով այսօր է ժամանում Ռուսաստան։
Բելառուսի նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Պուտինն ու Լուկաշենկոն նախ «տետ ա տետ» հանդիպում կունենան, բանակցությունների առանցքում կլինեն տարածաշրջանային և միջազգային հարցեր, ինչպես նաև գործող մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելու գործողությունների համակարգումը։
Իսկ Կրեմլից հայտնում են, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկելու են երկու երկրների միջև հետագա համագործակցության առանցքային հարցեր, այդ թվում՝ Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի հունվարի 29-ի նիստի որոշումների կատարման ընթացքը։
Հիշեցնենք, որ Պուտինն ու Լուկաշենկոն վերջին հանդիպմանը քննարկել էին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունները և Միութենական պետության զարգացման 15 փաստաթուղթ հաստատել։