Գնա ընտրության
28-04-2026 21:19

Ռուբեն Վարդանյանը և մյուս հայ գերիները՝ «Ումբակ» բանտում. մանրամասներ և մտահոգություններ

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և այլ հայ ռազմագերիներ ու անօրինական կալանավորված անձինք Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից տեղափոխվել են Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող «Ումբակ» բանտային համալիր։ Այս հաստատությունը գտնվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ մեկուսի վայրում։

Տեղափոխության մասին տեղեկությունը հաստատել է ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա տվյալներով՝ ներկայումս «Ումբակ» բանտում պահվում է 19 հայ։ Նրանցից երեքն այս հաստատությունում են 2023 թվականից, իսկ 16 անձ տեղափոխվել է փետրվարին կայացած դատավճիռներից հետո։ Այս խմբում է նաև Ռուբեն Վարդանյանը, ով դատապարտվել է մեկ գործով, ինչպես նաև 15 այլ ամբաստանյալներ, որոնցից յոթը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են, իսկ ութը՝ Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցած անձինք։

Սահակյանը պարզաբանել է, որ տեղափոխությունը պայմանավորված է Ադրբեջանի ներպետական ընթացակարգերով։ Փետրվարին հրապարակված դատավճիռներից որոշները, ներառյալ Ռուբեն Վարդանյանի գործով կայացրածը, չեն բողոքարկվել արդարադատության երաշխիքների բացակայության պատճառով և այժմ համարվում են ուժի մեջ մտած։ Այս պայմաններում, ըստ իրավապաշտպանի, Ադրբեջանի ներպետական համակարգը տարանջատում է պատիժը կրողների և կալանավորվածների պահման վայրերը։ «Թերևս արդեն բոլոր հայ գերիներին ընկալում են որպես օրինական դատավճիռների հիման վրա պատիժ կրողներ, ուստի Ազգային անվտանգության ծառայության ենթակայության քննչական մեկուսարանից նրանց տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկ այլ հաստատություն, դա Ումբակի բանտային համալիրն է», - նշել է նա։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տեղափոխության մասին տեղեկացել է հետֆակտում, ինչը, ըստ Սահակյանի, վկայում է գործընթացի անթափանցիկության մասին՝ նման նախորդ դատավարություններին։ 2023 թվականին շահագործման հանձնված «Ումբակ» բանտի պայմանները մնում են անհայտ։ Չնայած ադրբեջանական իշխանությունները հայտարարում են, որ «Ումբակը» համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին, Սիրանուշ Սահակյանը լուրջ կասկածներ ունի։

«Ֆիզիկական պայմաններն ինքնին դեռևս չեն ենթադրում, որ միջազգային ստանդարտներն ապահովված են, որովհետև այնտեղ կան սննդի, հիգիենայի կազմակերպման, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցեր և ինչո՞ւ ոչ վարվեցողություն, որպեսզի զերծ մնան հոգեբանական կամ ֆիզիկական ճնշումներից», - ընդգծել է Սահակյանը։ Նա հավելել է, որ բոլոր միջազգային զեկույցները հստակ ֆիքսում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի լայնատարած պրակտիկան ադրբեջանական քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև դրանք զսպելու կամ պատասխանատուներին պատժելու արդյունավետ մեխանիզմների բացակայությունը։ Այս իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում «Ումբակում» պահվող հայ գերիների բարեկեցության և իրավունքների վերաբերյալ։

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին՝ Ադրբեջանում հայ բանտարկյալների կարգավիճակը պարզաբանելու կոչով
Օսիպյանը ՔԿՀ-ից Փաշինյանից ներողություն է պահանջում՝ արցախցիներին վիրավորելու համար
Շոյգու. Ղարաբաղյան հակամարտության ժամանակ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը
Բա որ մերը չէր, ինչի՞ եք էդ երեխեքին ուղարկել պատերազմ. Հայկ Մարությանի կոշտ հարցը
Ադրբեջանը խզում է հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ՝ Արցախի բանաձևի պատճառով