Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել՝ վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով։ Այս մասին նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ:
«Բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել», - նշվում է հայտարարության մեջ:
Նախօրեին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։ Հայաստանի նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը հայտարարել է, որ սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետևանք է, էթնիկ հայկական ինքնության նկատմամբ պաթոլոգիկ ատելության արդյունք։