Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը լրարողներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման համատեքստում հարուցված քրեական գործի մանրամասները։
Նա նշել է, որ ՔԿ-ի կողմից իրականացվող ուսումնասիրությունները բացառապես վերաբերում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման համատեքստում հարուցված քրեական գործին, քանի որ ՔԿ-ն Արցախում քննություն իրականացնելու իրավասություն չունի։
«Կան միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, ագրեսիվ պատերազմ, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումը, որի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ։ Ընդ որում, այդ էթնիկ զտումը տեղի ունեցավ՝ ինչպես ռազմական գործողությունների ժամանակ՝ խոսքը վերաբերում է 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, այնպես էլ՝ դրանից հետո»,- ասել է Քյարամյանը։
Նա նշել է, որ կան ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գերեվարված են, և հաստատված է նրանց գերությունը և Հայաստանի ՔԿ-ն ինտենսիվ զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների և մնացած գերեվարված մարդկանցով։
Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առնվազն 113 հայ է գերեվարվել և անօրինական կերպով պահվում Ադրբեջանում։ Սակայն ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարում է 33 գերիների մասին։
Բացի այդ, օրերս Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի որոշ մանրամասներ (Լաչինի միջանցքի շրջափակման սկզբից մինչև Ադրբեջանի զինված հարձակումը Արցախի վրա, որն արդյունքում ավելի քան 100 հազար տեղաբնակներ զանգվածաբար լքեցին Արցախը)։ Այս գործով հետաքննությունը տեղեկություն ունի 16 անձի՝ 6 զինվորականի և 10 քաղաքացիական անձի գերեվարման մասին։ Ադրբեջանը հաստատել է նրանցից միայն 9-ի գերեվարման փաստը։