
Ամեն տարի ապրիլի 18-ին աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, նշում են Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը։ Այս տարի ևս, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ, հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում նախատեսված են լայնածավալ միջոցառումներ՝ ուղղված մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը։
Ծրագրի շրջանակում կանցկացվեն տեղեկատվական արշավներ, կրթական էքսկուրսիաներ և քայլարշավներ դեպի պատմամշակութային հուշարձաններ։ Կազմակերպվելու են նաև ճանաչողական այցեր, տեղեկատվական նյութերի ցուցադրումներ, ինչպես նաև դպրոցականների համար հատուկ կրթական ծրագրեր՝ բաց դասերի, խաղ-վիկտորինաների և դասախոսությունների ձևաչափով։ Միջոցառումների կարևոր բաղադրիչներից են նաև հուշարձանների և դրանց հարակից տարածքների մաքրման աշխատանքները, որոնք համակարգվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից՝ մարզային ծառայությունների և հուշարձանների պահապանների միջոցով։
Այս նախաձեռնությունների հիմնական նպատակն է բարձրացնել հանրության, հատկապես երիտասարդ սերնդի իրազեկվածության մակարդակը մշակութային ժառանգության արժեքի, դրա խոցելիության և պահպանման անհրաժեշտության մասին։ ԿԳՄՍ նախարարությունը հատուկ կարևորություն է տալիս դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունը դիտարկելով որպես ուսումնական գործընթացի անբաժանելի մաս։ Սա նպատակ ունի ձևավորել պատասխանատու քաղաքացիական դիրքորոշում և սեր արմատավորել սեփական պատմության ու մշակույթի նկատմամբ։
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշվում է 1983 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ։ Այս օրը հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհում շեշտադրելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը և դրա պաշտպանության ու պահպանության կարևորությունը գալիք սերունդների համար։





