Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում կքննարկեն Ռուսաստանի Դաշնություն հայկական ապրանքների ներմուծման հետ կապված իրավիճակը, չորեքշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը։
Անցած տարվա ընթացքում 40-ից պակաս նման դեպք է տեղի ունեցել, նշեց նախարարը․ այն ժամանակ էլ է հայկական արտադրանքը հետ վերադարձվել է Ռուսաստանի Դաշնությունից։
«Ռոսսելխոզնադզորի վերջին հրապարակումը և առկա տեղեկատվությունը մանրազնին ուսումնասիրվում են մեր պատկան մարմինների կողմից։ Մենք պետք է հասկանանք խնդրի էությունը. Միաժամանակ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը և ԵՏՀ գործընկերները նախաձեռնել են քննարկում, որը տեղի կունենա այս շաբաթ»,- ասաց Քերոբյանը տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
Նա նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը ռուս գործընկերների աջակցությամբ կփորձի հասկանալ, թե ինչ է փոխվել կարգավորումների մեջ և ինչն է հանգեցրել վիճակագրության նման փոփոխության։
Միաժամանակ Քերոբյանը հավելեց, որ ստեղծված իրավիճակը լավ առիթ է վերանայելու արտահանման ռազմավարությունը, օրինակ՝ Իրաքի ու Պարսից ծոցի շուկաների ուղղությամբ։
Շուրջ հինգ օր է, ինչ գյուղմթերքներով, ծաղիկներով, ձկներով և այլ արտադրաբքով բեռնված հարյուրավոր հայկական բեռնատարներ կուտակված են վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմը խստացրել է Հայաստանից ներկրվող բեռների ստուգման կանոնները, պատճառաբանելով անհամապատասխանությունը բուսասանիտարական չափանիշներին։ Մինչդեռ լրատվամիջոցներն այս արգելքի մեջ քաղաքական դրդապատճառ են տեսնում՝ կապված նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունից հրաժարվելու հետ։
Նոյեմբերի 29-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ արձանագրել է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականին արձանագրվել է Հայաստանի Հանրապետությունից ներմուծվող ծաղիկների, պտուղ-բանջարեղենի վարակվածության 72 դեպք։ Նշվում է, որ սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման ու մաքսազերծման կանոնները չեն փոխվել։