Բավ է պառակտվել
29-11-2023 10:20

«Ռոսսելխոզնադզոր». սահմանին Հայաստանից բեռների ստուգման կանոնները չեն փոխվել, արձանագրվում է խախտումների աճ

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ։ Ինչպես նշվում է գերատեսչության կայքում, 2023 թվականին «Ռոսսելխոզնադզորը» բացահայտել է Հայաստանից արտահանված ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։

Ըստ աղբյուրի, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ, միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի` Ռուսաստան ներկրման 36 դեպք։ Բոլորն ունեին Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրեր: Բուսական մթերքներում հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտներ՝ արևելյան ցեց (Grapholita molesta (Busck), Pepino մոզաիկ վիրուս, լոլիկի շագանակագույն մրգի վիրուս), արևմտյան ծաղկային թրիպս (Frankliniella occidentalis Pergand):

Բացի այդ, ըստ «Ռոսսելխոզնադզորի», նոյեմբերին հայտնաբերվել է Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու 5 դեպք, ինչը վկայում է արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնակարգի խախտումների մասին։ Դրանց մասին «Ռոսսելխոզնադզորը» տեղյակ է պահել Հայաստանի իրավասու մարմիններին, սակայն դեռևս տեղեկություն չի ստացել կատարված ուսումնասիրությունների մասին։

Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է հղել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել համապարփակ միջոցներ՝ կանխելու վարակված արտադրանքի առաքումները Ռուսաստան և տեղյակ պահելու ՌԴ գերատեսչությանը այս ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։

Միաժամանակ կարգավորիչը նշում է, որ սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման ու մաքսազերծման կանոնները չեն փոխվել։

Շուրջ հինգ օր է, ինչ գյուղմթերքներով, ծաղիկներով, ձկներով և այլ արտադրաբքով բեռնված հարյուրավոր հայկական բեռնատարներ կուտակված են վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմը խստացրել է Հայաստանից ներկրվող բեռների ստուգման կանոնները, պատճառաբանելով անհամապատասխանությունը բուսասանիտարական չափանիշներին։ Մինչդեռ լրատվամիջոցներն այս արգելքի մեջ քաղաքական դրդապատճառ են տեսնում՝ կապված նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունից հրաժարվելու հետ։

Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Համաշխարհային բանկը Թուրքիային կտրամադրի 18 մլրդ դոլարի ֆինանսավորում
Հայաստանում նոյեմբերին 25 տեսակի պարենային ապրանքների գները նվազել են
Արգելվել է Բրազիլիայից և Իրանից մի շարք ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան
Հայաստանը ԵՏՀ-ի հետ քննարկում է նախաձեռնել Ռուսաստան ապրանքների ներմուծման խնդրի հետ կապված․ Քերոբյան