Բավ է պառակտվել
09-06-2023 15:33

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով․ պատգամավոր

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչ մի պատկեր չի լինի։ Հունիսի 9-ին Ազգային ժողովում՝ տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Սա, ինչպես նշեց պատգամավորը, նախատեսված է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը պատճառված վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով, որն ընդունվել է 2020 թվականի փետրվարի 13-ին։

«Միևնույն ժամանակ, ծխախոտը, համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, պետք է վաճառվի առողջության հետ կապված բացասական պատկերներով։ Փոխելու ենք արդյո՞ք մենք օրենքը ու համապատասխանեցնելու ենք ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին, թե՞ միությանն ենք խնդրելու փոխել այն ու ընդունել մերը։ Միգուցե մենք պատրաստվում ենք դիմել խնդրանքով, որ Հայաստանի համար պահպանվի ներկայիս ռեժիմը»,- ասաց Թունյանը։

Նա համոզված է, որ այս հարցին պետք է մոտենալ նաև արտադրողների տեսանկյունից։

«Նրանք պետք է հստակ իմանան, թե ինչ է լինելու: Ընդ որում՝ 6-7 ամիս առաջ։ Նրանք պետք է դրան պատրաստ լինեն»,- ընդգծեց պատգամավորը։

Նրան պատասխանեց իշխող խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Այս հարցով, նրա կարծիքով, պետք է զբաղվեն էկոնոմիկայի նախարարությունը և մյուս պատասխանատու գերատեսչությունները։

Հայաստանը 2024 թվականին կսկսի հեպատիտ C-ի բուժման ջեներիկ դեղերի գնումները
Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում 2024 թվականին
2024թ․ հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներին օտարերկրյա պետություններում անհրաժեշտ չի լինի անձնագրի վավերականության մասին նշումը
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Հայաստանի առողջապահության նախարարը ներկայացրել է առողջության ապահովագրության շրջանակներում մատուցվող ծառայությունները