ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցումը, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մտահոգված ենք մնում Լաչինի միջանցքի շարունակական փակ մնալու կապակցությամբ, հատկապես որ այն փակ է առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար։ Այս տեսակի մարդասիրական երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը»,- ասել է Պատելը։
Նա անդրադարձել է նաև չորեքշաբթի օրը նախատեսված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
«Մենք ակնկալում ենք, որ այնտեղ ևս տեղի կունենան քննարկումներ․․․ Մենք հետևողականորեն նշել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարամյա հակամարտությունը լուծելու հարցում, և կարծում ենք, որ ցանկացած ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին, լավ և դրական քայլ կլինի»,- ամփոփել է Պատելը։
Բավ է պառակտվել