
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կոշտ հայտարարություններին՝ հերքելով Հայաստանին հակառուսական ճամբար ներքաշելու մեղադրանքները և ընդգծելով Երևանի ինքնիշխան որոշումները։
Մեդվեդևի խոսելաոճին անդրադառնալով՝ Միրզոյանը նշել է, որ ռուս պաշտոնյան «ժամանակ առ ժամանակ բոլորի նկատմամբ իրեն որոշակի այդպիսի խոսելաոճ է թույլ տալիս»։ Սակայն, անցնելով հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր համատեքստին, նախարարը խոստովանել է, որ խնդիրներ կան ցանկացած հարաբերություններում, և դրանք ի հայտ են գալիս։ Նա հիշեցրել է, որ նմանատիպ խնդիրներ եղել են նաև անցյալում՝ 10-15 տարի առաջ, օրինակ՝ ծիրանի արտահանման կամ գինու ներկրման հետ կապված։ «Մենք ընդհանրապես միտված չենք էլ ավելի մեծ լարվածության ստեղծմանը կամ իրավիճակի սրմանը։ Մենք կառուցողական, առողջ մթնոլորտում դա կքննարկենք մեր գործընկերների հետ, և ես հույս ունեմ, որ լավ լուծումներ կգտնենք»,- հայտարարել է Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարը կտրականապես հերքել է Լավրովի այն հայտարարությունը, թե Եվրամիությունը «Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ»։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պահպանում և հաստատում է բազմաթիվ գործընկերային, այդ թվում՝ ռազմավարական հարաբերություններ տարբեր երկրների հետ։ «Եվ ոչ մի՝ տեսականորեն ցանկացած երկու հարաբերություն ուղղված չէ երրորդ գործընկերոջ դեմ», - պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ դա վերաբերում է ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությանը, այնպես էլ Եվրոպական միության հետ համագործակցությանը։ Միրզոյանը վստահեցրել է, որ այս գործընկերություններից ոչ մեկը Ռուսաստանի դեմ ուղղված չէ։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանի օրակարգերը հրապարակային են, փաստաթղթավորված և հանրայնացված։ Նա մանրամասնել է, որ փոխշահավետ համագործակցությունն իրականացվում է թվային օրակարգերի, արհեստական բանականության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, տնտեսական կապերի խթանման, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության դիմակայունության աջակցման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտներում։ «Եթե դա ռուս գործընկերներին դուր չի գալիս, ինձ համար մի տեսակ դժվար է հասկանալ, թե ինչու։ Իսկ եթե, այնուամենայնիվ, դուր չի գալիս, երևի թե իրենք էլ պետք է ջանքեր գործադրեն մեզ հասկանալու համար»,- եզրափակել է նախարարը։
Արարատ Միրզոյանը հաստատել է, որ հանրապետությունն իր ինքնիշխան որոշումներն է կայացնում և անփոփոխ կերպով շահագրգռված է Ռուսաստանի հետ նորմալ գործընկերության պահպանմամբ և զարգացմամբ։ Նա կոչ է արել զրուցել և փորձել բացատրել տարաձայնությունները, քանի որ «հակառակ քայլերից մենք նույնպես չենք շահում, և կարծում եմ՝ իրենք էլ չեն շահում»։





