Գնա ընտրության
09-05-2026 12:59

Լարվածություն Երևան-Մոսկվա առանցքում. ՌԴ-ում ՀՀ դեսպանը հետ է կանչվում խորհրդակցությունների

Հայաստանի Հանրապետության դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում, Գուրգեն Արսենյանը, վերադառնում է Երևան՝ խորհրդակցությունների նպատակով։ Այս քայլը, ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների, հաջորդում է դեսպանի՝ ՌԴ արտգործնախարարություն կանչվելուն, ինչը վկայում է երկկողմ հարաբերություններում աճող լարվածության մասին։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին դեսպան Արսենյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ, որտեղ հանդիպել էր ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Այս դիվանագիտական քայլը տեղի էր ունեցել մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովից հետո։ Գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնչեցրել էր հայտարարություններ, որոնք ռուսական կողմը որակել էր որպես «ահաբեկչական սպառնալիքներ» Ռուսաստանի հասցեին՝ ԵՄ հովանու ներքո «ամբիոն» տրամադրելու համատեքստում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվել էր, որ Մոսկվան «կատեգորիկ անընդունելի» է համարում Հայաստանում «Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխին» նման հայտարարությունների համար հարթակ տրամադրելը։ Ռուսական կողմը նաև իր «արդարացի վրդովմունքն» էր հայտնել՝ նշելով, որ պաշտոնական Երևանի կողմից «պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը» չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ դեսպան Արսենյանը խոստացել էր Երևան զեկուցել ռուսական կողմի բողոքի մասին։ Չնայած ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի սկզբնական հերքմանը, թե դեսպանի վերադարձը չի համապատասխանում իրականությանը, դիվանագիտական շրջանակներում ընդգծվում է, որ գործող դեսպանին մայրաքաղաք կանչելը դիվանագիտական պրակտիկայում համարվում է տվյալ երկրի վրա ճնշման լրջագույն միջոց։ Այն ավանդաբար ընկալվում է որպես հյուրընկալ պետության որոշակի գործողությունների նկատմամբ ծայրահեղ դժգոհություն արտահայտելու ձև և կարող է ծառայել որպես երկկողմ հարաբերությունների մակարդակն առժամանակ իջեցնելու պատրվակ։

Այսպիսով, դեսպան Արսենյանի վերադարձը Երևան, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի զեկուցել ԱԳՆ ղեկավարությանը կամ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստեղծված իրավիճակի մասին և քննարկել Հայաստանի հետագա քայլերը։ Այս դեպքում չի բացառվում, որ դեսպանի պարտականությունները դրվեն ժամանակավոր հավատարմատարի վրա։ Ակնկալվում է, որ առաջիկայում ականատես կլինենք հայկական և ռուսական կողմերի միջև «փոխհրաձգության» հետագա թեժացմանը։

Հիշեցնենք, որ Երևանյան գագաթնաժողովում Վլադիմիր Զելենսկին, մասնավորապես, հայտարարել էր, որ Մոսկվայի մայիսի 9-ի ռազմական շքերթին կարող են «այցելել» ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև կոչ էր արել «դրդել» Պուտինին դիվանագիտական ճանապարհով գնալու, այլ ոչ թե պատերազմն ընդլայնելու։

Արարատ Միրզոյանը պատասխանել է Լավրովին և Մեդվեդևին. Հայաստանը պաշտպանում է ինքնիշխանությունը և գործընկերությունը
«Հրապարակ»․ Ռուսաստանը նոր պատժամիջոցներ է մշակում Հայաստանի դեմ՝ ի պատասխան հակառուսական քայլերի
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը. Արարատ Միրզոյան
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ՌԴ՝ հանդիպելու Պուտինի հետ
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերակառուցման շեմին է. Օվերչուկի հայտարարությունը