Հայաստանն այսօր նշում է երկրի անկախության 32-րդ տարեդարձը։1991 թվականի այս օրը հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ։
Ժողովրդական քվեարկությունը տեղի ունեցավ ազգային շարժման վերելքի ֆոնին: Անկախության հռչակմանը կողմ է քվեարկել գրեթե ողջ բնակչությունը՝ երկրի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 99%-ը։ Պաշտոնապես անկախությունը հռչակվել է խորհրդարանի կողմից սեպտեմբերի 23-ին։
Սակայն այս տարի անկախության տարեդարձի նախօրեին հայերը հայտնվեցին ծանր իրավիճակում․ սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմեց՝ կիրառելով հրթիռներ, հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Հարձակման են ենթարկվել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, բազմաթիվ գյուղեր գրավվել ու ավերվել են։
Մեկ օր անց Արցախի Հանրապետության իշխանությունները ընդունեցին հրադադարի մասին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկը։ Ադրբեջանի պայմանների թվում են՝ «Հայաստանի մնացած զինված ուժերի» դուրս բերումը Ղարաբաղից և Արցախի պաշտպանության բանակի լուծարումը, ղարաբաղցիների կենսապայմանների քննարկում՝ Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան, Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում սեպտեմբերի 21-ին Եվլախում։
Արցախի ՄԻՊ-ի տվյալներով՝ զոհվել է մոտ 200 մարդ, վիրավորվել՝ 400-ը (այդ թվում՝ երեխաներ)։ Շուրջ 10 հազար մարդ՝ այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ, ստիպված են եղել տարհանվել, սակայն, մասնավորապես, Ստեփանակերտում, առկա է ոչ միայն կացարանների, այլև սննդի աղետալի պակաս։
Պատմություն
Ժամանակակից Հայաստանն ընդունված է համարել Երրորդ Հանրապետություն։ Մինչ այդ եղել են Առաջին Հանրապետությունը (1918-1920թթ.) և Հայկական ԽՍՀ-ն (1920-1991թթ.):
Հայկական պետությունը վերականգնվել է Ռուսական կայսրության ավերակների վրա 20-րդ դարի սկզբին։ Մինչ այս հայ ժողովուրդը սեփական պետական կազմավորման բացակայության պայմաններում իր գոյության ու ազգային ինքնության պահպանման համար մղել է դարավոր պայքար։
Սակայն հայերն ունեն իրենց պատմամշակութային տարածքից դուրս սեփական պետություն ստեղծելու յուրահատուկ փորձ։
Այսպես, պատմական տարածքներում հայկական պետությունների անկումից հետո (XI-XII դդ.) անկախ հայկական պետականությունը վերածնվեց Հայաստանից դուրս՝ Կիլիկիայում։
Կիլիկյան հայկական թագավորությունը՝ Միջերկրական ծովի ամենազարգացած պետություններից մեկը, խաչակիրների և եվրոպացի թագավորների դաշնակիցը, գոյություն է ունեցել մինչև 14-րդ դարի վերջը։
Հայաստանը երկար տարիներ եղել է հզոր կայսրությունների ու տերությունների արյունալի պատերազմների թատերաբեմ։ Հայկական կիսանկախ մելիքությունները դիմագրավում էին մղում ահեղ թշնամիների գերակա ուժերի ճնշմանը։
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի կոտորածը և առաջին ցեղասպանությունը։ Բայց նույնիսկ ամենադժվար պայմաններում հայերը պահպանել ու զարգացրել են իրենց մշակույթը, արվեստը, գիտությունը, լեզուն ու ավանդույթները։
Բավական է հիշել, որ հայերեն առաջին տպագիր տեքստը հայտնվել է գրատպության արշալույսին՝ 15-րդ դարի վերջին, և արդեն 1512 թվականին Հակոբ Մեգապարտը հրատարակել է «Ուրբաթագիրք» տպագիր գիրքը։
Հայաստանում հաջողությամբ զարգացել են աստղագիտությունը, մաթեմատիկան, բժշկությունը, փիլիսոփայությունը։ Հայկական մշակույթի անգին ժառանգությունը նրա յուրահատուկ ճարտարապետությունն է։
Հայերը, թերևս, միակ ժողովուրդն են, որը չունենալով պետականություն, ստեղծել է ապագա երկրի սահմանադրություն՝ Հովսեփ Էմինի, Տեր Մովսեսի, Գրիգոր Խոջաջանյանի և Շահամիրյանների «Որոգայթ փառաց» ստեղծագործությունը։
Աշխատությունը տպագրվել է դեռևս ֆրանսիական հեղափոխությունից առաջ՝ 1773 թվականին, սակայն այն ժամանակ էլ ապագա հայկական պետության հիմքում դրվել են հանրապետական սկզբունքներ։
20-րդ դարավերջի հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ապոթեոզը Ղարաբաղյան շարժումն էր, որը վերաճեց լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք ավարտվեցին 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ։ .
Նորանկախ Հայաստանը ծանր ժառանգություն ստացավ՝ պատերազմը Ղարաբաղում, շրջափակումը, 1988թ. Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքները, ԽՍՀՄ փլուզման հետևանքով առաջացած տնտեսական ավերածությունները և խորհրդային հանրապետությունների միջև առկա տնտեսական կապերի կորուստը։
Բայց արդեն 1990-ականների երկրորդ կեսին քայքայված տնտեսությունը սկսեց վերականգնվել, հնարավոր եղավ ակտիվացնել գործունեությունը արտաքին քաղաքական ոլորտում, բարձրացնել երկրի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում։
Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ և Եվրասիական տնտեսական միության անդամ։ Միաժամանակ, երկիրը արդյունավետ համագործակցում է Եվրամիության հետ, որի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առաջատար պետությունների հետ։
Անկախ Հայաստանի ղեկավարները
Անկախության ավելի քան 30 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է հինգ նախագահ և 16 վարչապետ։
1991թ .անկախ հայկական պետության առաջին ղեկավար է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա վաղաժամկետ պաշտոնաթող եղավ 1998 թվականին՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ երկրի ղեկավարության մեջ առկա տարաձայնությունների պատճառով։
Տեր-Պետրոսյանին պետական բարձրագույն պաշտոնում փոխարինած երկրորդ նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանն էր (1998-2008 թթ.):
Պետության երրորդ ղեկավարը Սերժ Սարգսյանն էր։ Նա ընտրվել է 2008 թվականին, իսկ նախագահության ժամկետն ավարտվել է 2018 թվականի ապրիլին։ Հենց այդ ժամանակ էր, որ Հայաստանը վերջնականապես անցավ կառավարման խորհրդարանական ձևին՝ Ազգային ժողովի և կառավարության գերիշխող դերակատարմամբ։
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ նույն տարվա ապրիլի 9-ին։ Նա դարձավ պետության առաջին ղեկավարն, ով ընտրվեց խորհրդարանի կողմից: Նույն օրը դադարեցվեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։
2018 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստում վարչապետի պաշտոնում ընտրեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, ինչը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանիի գլխավորած բողոքի զանգվածային ցույցերի պատճառ դարձավ։
Ապրիլի 13-ից հանրապետությունում տեղի ունեցած բողոքի լայնածավալ ակցիաներից հետո ալիքին՝ ապրիլի 23-ին, Սարգսյանը հայտարարեց վարչապետի պաշտոնից հեռանալու մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հայաստանի խորհրդարանը մայիսի 8-ին արտահերթ նիստում երկրորդ փորձով վարչապետ ընտրեց Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։
2020 թվականի աշնանը Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո և ընդդիմադիր ուժերի ճնշման ներքո Փաշինյանը հրաժարական տվեց, իսկ 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում նա կրկին դարձավ կառավարության ղեկավար։
2022 թվականի հունվարի 23-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց պաշտոնը լքելու իր մտադրության մասին՝ Հայաստանին վերաբերոց ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա ազդելու անհնարինության պատճառով։ Նրա հրաժարականն ուժի մեջ մտավ 2022 թվականի փետրվարի 1-ին, իսկ մարտի 3-ին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվեց Վահագն Խաչատուրյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Նրա երդմնակալությունը տեղի ունեցավ մարտի 13-ին։
25 տարվա ընթացքում Հայաստանն ունեցել է 16 վարչապետ. 1990թ․ սեպտեմբերի 1-ին ՝ դեռևս նախքան անկախության հռչակումը, կառավարության առաջին ղեկավար դարձավ Վազգեն Մանուկյան, ով հրաժարական տվեց 1991 թվականի հունվարի 30-ին։
1991-1992 թվականներին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Գագիկ Հարությունյանը, ով 1991-1995 թվականներին եղել է նաև Հայաստանի փոխնախագահ (այս պաշտոնը վերացվել է 1995 թվականի Սահմանադրությամբ)։
Երկրի կառավարությունը գլխավորել են նաև Խոսրով Հարությունյանը (1992-1993), Հրանտ Բագրատյանը (1993-1996), Արմեն Սարգսյանը (1996-1997), Ռոբերտ Քոչարյանը (1997-1998), Արմեն Դարբինյանը (1998-1999 թթ.), Վազգեն Սարգսյան (1-ը հունիսի 1999- 27-ը հոկտեմբերի 1999, սպանվել է խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ), Արամ Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի եղբայրը, 1-ը նոյեմբերի, 1999 - 30-ն ապրիլի, 2000 թ.), Անդրանիկ Մարգարյան (2000-2007), Սերժ. Սարգսյան (2007-2008), Տիգրան Սարգսյան (2008 -2014), Հովիկ Աբրահամյան (2014-2016), Կարեն Կարապետյանը (13-ը սեպտեմբերի, 2016 - 9-ն ապրիլի, 2018), Սերժ Սարգսյանը (17-ն ապրիլի 2018 - 22-ն ապրիլի 2018)։
2018 թվականի մայիսի 8-ից Հայաստանի վարչապետն է Նիկոլ Փաշինյանը։
Անկախ Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին։ Հիմնական օրենքում փոփոխություններ են կատարվել երկու անգամ՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։ Հիմնական օրենքի վերջին տարբերակի համաձայն՝ Հայաստանը կիսանախագահականից անցել է խորհրդարանական կառավարման։