Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին բացառել է Կովկասում պատերազմի հավանականությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի մտահոգության ֆոնին, հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի»,- ասել է նա Թեհրանում լրագրողներին։
Ընդգծելով Բաքվի և Երևանի միջև լարվածության վերաբերյալ Իրանի «անառարկելի» դիրքորոշումը՝ նախարարն աել է. «Մենք հավանության չենք արժանացնի սահմանների որևէ փոփոխություն։ Այն գործընթացը, որը մենք տեսնում ենք, ցույց է տալիս, որ կոնկրետ ոչինչ տեղի չի ունենա»
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի բրյուսելյան համաձայնագրերին, ինչպես նաև մոտեցումները՝ լուծել բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական մեթոդներով և կառուցողական մթնոլորտում։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել հրատապ բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահի հետ՝ ուղղված լարվածության թուլացմանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԻՌՆԱ-ն, Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին սեպտեմբերի 11-ին ասել էր, որ, ըստ Բաքվի իշխանությունների, Ադրբեջանը մտադիր չէ ռազմական հարձակումներ իրականացնել, և զորքերի վերջին տեղաշարժերն ավանդական ռազմական գործողություն է ձմռան նախաշեմին։