Երևանում սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին մտադիր է քվեարկել հարցվածների 22,5 տոկոսը։ Այս մասին են վկայում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքները։
Միաժամանակ 14,3 տոկոսը նախատեսում է քվեարկել «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օգտին։ «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թեւանյանի օգտին պատրաստ է քվեարկել 7,8 տոկոսը։
Հարցվածների 5,7 տոկոսը մտադիր է քվեարկել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանի օգտին, 6,7 տոկոսը՝ «Հանրային ձայն» կուսակցության թեկնածու Արտակ Գալստյանի, 5,2 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Արտակ Զեյնալյանի օգտին։
Հարցվածների 27%-ը դեռ չի կողմնորոշվել Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուի հարցում։
Հարցին, թե որ կուսակցությանն են պատրաստվում իրենց ձայնը տալ ավագանու ընտրություններին, 9,9%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 11,6%-ն ընդհանրապես հրաժարվել է պատասխանել։
Սեպտեմբերի 12-ից 13-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 802 հարցվող։
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք․ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, «Ուժը հայրենյաց» կուսակցությունը, «Հանրային ձայն» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցություն, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Արդար Հայաստան» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը։ Հաղթող կուսակցությունը կառաջադրի Երևանի նոր քաղաքապետի թեկնածությունը։