Երևանում սկսվել է ավագանու ընտրություններին մասնակցության հայտերի ընդունման փուլը, բայց դեռ ոչ մի քաղաքական ուժ չի դիմել։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Այսօրվանից քաղաքական ուժերը կարող են փաստաթղթեր ներկայացնել ընտրություններին մասնակցելու համար։
«Այս պահին դեռ ոչ մի քաղաքական ուժ չի դիմել, որոշ ձևավորված ավանդույթի համաձայն՝ մեր քաղաքական ուժերը չեն շտապում և փաստաթղթեր են ներկայացնում վերջնաժամկետին մոտ, հիմնական եռուզեռը սկսվում է վերջին օրն»,- ասաց նա։
Ըստ Հովակիմյանի՝ առաջադրումների փուլն օգոստոսի 3-13-ն է, թեկնածուների գրանցումը՝ օգոստոսի 13-18-ը, նախընտրական քարոզարշավը կկազմակերպվի օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ը, իսկ սեպտեմբերի 16-ը կհայտարարվի լռության օր։
ԿԸՀ ղեկավարն ասաց, որ ավագանու ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու հրավերներ են ուղարկվել 20 երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչների և 5 միջազգային կազմակերպությունների։ Նրա խոսքով, մեծ մասամբ բանավոր պայմանավորվածություններ ու համաձայնություններ կան, բայց երկու շաբաթվա ընթացքում պետք է պաշտոնական պատասխան տան։
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի 17-ին։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրված գործող ավագանու լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 10-ին։
Հայաստանի մայրաքաղաքում քաղաքապետի աթոռը թափուր է այս տարվա մարտի 17-ին նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո։ Նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։