Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի 17-ին։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում։
2018 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրված գործող ավագանու լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի աթոռը թափուր է այս տարվա մարտի 17-ին նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո։ Նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետի թեկնածու է առաջադրվել իշխանության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Ըստ տարբեր աղբյուրների, այդ թվում՝ լրատվամիջոցների, քաղաքապետի պաշտոնի ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել Արման Թաթոյանը (ՀՀ նախկին ՄԻՊ), Դավիթ Խաժակյանը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), Մանե Թանդիլյանը («Ապրելու երկիր»), Նատալյա Ռոտենբերգը (գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը), Ռուբեն Հախվերդյանը (երգահան, հասարակական գործիչ), Արտակ Զեյնալյանը («Հանրապետություն» կուսակցություն), Կարեն Սարգսյանը («Հայաստանի Եվրոպական կուսակցություն»), Վիկտոր Մնացականյանը (Կենտրոն համայնքի նախկին թաղապետ), Հայկ Գրիգորյանը («Ազգային առաջընթաց»), Երվանդ Թարվերդյանը («Միացյալ Հայաստան»)։