Սոչիում ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի առանձնազրույցը։
«Մենք պարբերաբար հանդիպում ենք, բայց ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այսօրվա միջոցառման շրջանակում ևս մեկ անգամ խոսելու երկկողմ առումներով առկա իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների մասին, որոնց մասին մենք այդքան մանրամասն խոսել ենք Մոսկվայում նախորդ հանդիպման ժամանակ։ Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգային և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը։
«Կարծում եմ, որ այսօր մենք կքննարկենք նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։ Ցավոք սրտի, այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Արդեն մի քանի ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղում գազ և էլեկտրականություն չկա: Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է բավական լարված մնալ, ի դեպ, պետք է ընդգծեմ, որ այժմ սննդամթերքի առաքումը Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուս խաղաղապահների օգնությամբ, և դա սննդի սահմանափակ քանակություն է։Ընդհանուր առմամբ, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղը շարունակվում է, և սա նույնպես շատ կարևոր հարց է, ես վստահ եմ, որ այսօր մենք այն կքննարկենք»,- ասել է Փաշինյանը։
«Իհարկե»,- պատասխանել է Պուտինը։