Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Գրանադայում իր հանդիպման արդյունքներն, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ ղեկավարների հետ ստորագրված հայտարարության կարևորությունը։
«Գրանադան տվեց մեզ երկու շատ կարևոր հայտարարություն։ Առաջինը՝ քառակողմ հայտարարությունն էր, նախագահ Մակրոնի,կանցլեր Շոլցի, ԵՄ նախագահ Շառլ Միշելի և իմ, երկրորդը՝ մեր երկկողմ հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի: Սա նշանակում է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս, քանի որ ԵՄ երկու հիմնասյուներն արձանագրել են այս փաստը»,- ասաց Փաշինյանը։
Հաջորդը՝ նրա խոսքով, երկու հայտարարություններում էլ արձնագրվել են, թե որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները:
«Այդ հենասյուներից մեկը ՀՀ-ի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչումն է՝ տարածքների չափերի ընդգծումով, որը բազմիցս խոսել ենք, երկրորդը, որ սահմանների դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և համաձայն կողմերին փոխանցված խորհրդային միության վերջին շրջանի քարտեզների և երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Գրանադայում նաև դատապարտվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրումը, արձանագրվեց ԼՂ ժողովրդի բռնի տեղահանումը, արձանագրվեց ԵՄ և նաև ԱՄՆ պատրաստըակամությունը աջակցել Հայաստանին հումանիտար իրավիճակը կառավարելու առումով։
«Արձնագրվեց, որ ԼՂ հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք պիտի ունենան առանց նախապայմանների և նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի և արձնագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերությունները պետք է խորացնի այնքան, ինչքան Հայստանը կցանկանա»,- ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև հանդիպման բացասական կողմերին՝ առաջին հերթին նշելով, որ հայտարարության տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը։
«Եթե հիմա այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես հիմա կասեի, որ հավանականությունը, որ մենք մինչև տարվա վերջ կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70 տոկոսից ավելի բարձր է»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ Գրանադայում քառակողմ հայտարարության մեջ հիշատակված է գերիների (Ադրբեջանում պահվող) և նրանց ազատ արձակման հարցը։
«Երբ սահմանազատման գործընթացը հիմնված է կոնկրետ քարտեզների վրա և արձանագրվում են սահմանախախտումներ, հետևաբար, սահմանազատման գործընթացում պետք է վերացնել այդ սահմանախախտումները, խնդիրն այն է, որ այդ փաստաթուղթը չունի Ադրբեջանի ստորագրությունը, բայց մյուս կողմից՝ Արևմտյան աշխարհում պաշտոնական ընկալում է ձևավորվել, որ դա պետք է լինի ապագա խաղաղ կարգավորման հիմքը»,- արձանագրեց վարչապետը։