Գրանադայում հոկտեմբերի 5–ին կայացած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ քառակողմ հանդիպման արդյունքում մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքից։
«Նրանք ընդգծել են իրենց անվերապահ աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։
Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։
Նրանք համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության շուրջ, քանի որ Հայաստանը ստիպված է հաղթահարել Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքները։ Նրանք շեշտել են, որ այս փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանի, միջազգային մոնիտորինգի ներքո և հարգելով նրանց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները:
Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29.800 ք.կմ) և Ադրբեջանի (86.600 ք.կմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի՝ 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարությունում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։
Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է հիմք հանդիսանան նաև զորքերի միջև հեռավորության, խաղաղության պայմանագրի վերջնականացման և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար։
Նրանք տարածաշրջանային ավելի լայն համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների բացման կոչով են հանդես եկել, որոնք պետք է իրականացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Եվրոպացի առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհայտ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները կազմակերպելու նպատակով»:
Բավ է պառակտվել