Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավալի է համարում, որ հնարավոր չեղավ կանխել Արցախում հայերի էթնիկ զտումները։
«Ցավալի է, չափազանց ցավալի, որ ի հեճուկս հարյուրավոր ահազանգերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի եւ առանձին երկրների խորհրդարանների բանաձեւերի, գործադիր մարմինների կոչերի՝ միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում։
Նա նշել է, որ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք նիստ, որոնք արդյունք չեն տվել։
«ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը, եւս 20 հազարը Լեռնային Ղարաբաղից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի 2022 թվականի դեկտեմբերից մեկնարկած ապօրինի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չէին ունեցել»,- ասել է նա։
Ինչպես նշել է Փաշինյանը, հիմա ոմանք ձև են անում, թե չեն հասկանում, թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները:
«Նման հարցադրումն ինքնին ցինիզմ է, որովհետեւ պատասխանն ավելի քան պարզ է: Ադրբեջանը հստակ եւ աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու իր որոշումը: 2022 թվականի դեկտեմբերից, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման շրջանում Լեռնային Ղարաբաղի հայերը զրկված են եղել գազի, էլեկտրական էներգիայի, վառելիքի, սննդի, մանկական սննդի, դեղորայքի, հիգիենիկ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների արտաքին մատակարարումներից, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձինք թիրախավորվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից»,- ասեկ է Փաշինյանը։
Նա երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անունով կոչելու համար: