Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, չնայած Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն, ըստ էության, շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ու եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել Լեռնային Ղարաբաղին», – ասաց Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։
Նա հավելեց, որ դադարեցվել է անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը, արգելվում է անգամ շտապ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների տեղափոխումը։
«Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում: Չնայած տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողությունների մեկնարկի», – ասաց վարչապետը` նշելով, որ թիրախավորվում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները, արգելակված է նրանց տեղաշարժի հնարավորությունը։
Միաժամանակ նա հայտարարեց, որ արձագանքը պետք է լինի միջազգային տեղեկացվածության բարձրացումը, ընդ որում ոչ միայն կազմակերպությունների և օտարերկրյա կառավարությունների, այլև հանրությունների մակարդակով։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ շարունակում է կարծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է: «Պետք է հուսանք, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն այս ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։