Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել տարածաշրջանում խաղաղության օրակարգից։
«Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը նորություն չէ ոչ միայն հետպատերազմյան Հայաստանում, այլև ընդհանրապես վերջին 30 տարում։ Այլ բան է, որ հիմա, կոնկրետ Արցախում, Ադրբեջանը էթնիկ զտումների նպատակաուղղված քաղաքականություն է վարում, այսինքն. մի կողմից՝ շրջափակում, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման արգելափակում, Լաչինի միջանցքի փակում, մյուս կողմից՝ գնդակոծություն թե՛ զինված ուժերի, թե՛ խաղաղ բնակչության ուղղությամբ։ Սա դատապարտելի փաստ է, բայց Ադրբեջանի հետ բանակցություններից հրաժարում չի լինի»,- ասել է Ռուբինյանը հանրայինի եթերում։
Նա անդրադարձել է Վաշինգտոնում Ադրբեջանի հետ բանակցություններից հրաժարվելու մասին Արցախի Ազգային ժողովի Հայաստանին ներկայացված վերջին պահանջին (խոսքը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների երկօրյա փուլի մասին է - խմբ.)։ «Ընդհանրապես, բանակցություններ վարելիս կամ չվարելիս պետք է հասկանալ, թե ինչ են տալու բանակցությունները կամ դրանցից հրաժարվելը»,- ասել է այս առնչությամբ Ռուբինյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այն է, որ «մեր առջև ծագած և մեզ անհանգստացնող անվտանգության խնդիրների միակ համակարգային լուծումը տարածաշրջանային խաղաղության հաստատումն է»։ «Մենք հավատարիմ ենք խաղաղության քաղաքականությանը, այս օրակարգով մասնակցել ենք ընտրություններին և հաղթել, և չենք պատրաստվում դրանից հրաժարվել»,- ընդգծել է փոխխոսնակը։
Նա հայտարարել է, որ եթե «մենք ուզում ենք ունենալ տարածաշրջանային խաղաղություն և կայունություն, եթե ուզում ենք, որ մե երկրի շուրջ խաղաղություն լին, ապա պետք է շարունակենք բանակցությունները, իսկ Արցախի իշխանություններն իրավունք ունեն իրենց կարծիքն ունենանլ»։
Ռուբինյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը, հնարավոր է՝ սադրանքների դիմում բանակցությունները վիժեցնելու համար։ «Մենք ասում ենք հետևյալը․ Հայաստանն ունի անվտանգության խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, լուծման բաղադրիչներից մեկն, բնականաբր, բանակի հզորացումն է և այլն։ Մյուսը՝ դիվանագիտական ջանքերով մեր սահմանների շուրջ կայունության ապահովումը, դրա համար պետք է բանակցել, շարժվել խաղաղության օրակարգի տրամաբանությամբ, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ուղղությամբ և այլն»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։