Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների ազատ արձակման շուրջ բանակցություններում միջնորդներ չեն եղել. Այս մասին ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Բանակցությունները վարել են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը, որոնց արդյունքում հայտարարություն է արվել»,- ասաց Խանդանյանը։
Հարցին, արդյոք դա երկկողմանի բանակցային գործընթացի սկիզբն է, նա նշեց, որ սա մարդասիրական հարց է, որի շուրջ շատ քննարկումներ են եղել։
«Հնարավորություն է ստեղծվել այս ձևաչափով լուծել այս հարցը, սա կարևոր հայտարարություն է և չպետք է թերագնահատել, բայց և չպետք է գերագնահատել ամբողջ բանակցային գործընթացի տրամաբանության շրջանակներում»,- ասաց պատգամավորը։
Խանդանյանի խոսքով, Հայաստանը հաստատել է, որ խաղաղության բանակցային գործընթացը պետք է ընթանա այն սկզբունքների շրջանակներում, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել տարեսկզբին։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանն, իր հերթին՝ երկու ադրբեջանցի զինվորականի։ Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմ և Ադրբեջանի նախագահի վարչակազմի տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը։