Արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարման պարագայում նաև որոշակի առնվազն քաղաքական վերաբերմունք է ձևավորվում այդ պարտավորությունը չկատարողի նկատմամբ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրինակ՝ բրյուսելյան հարթակում մենք դա չենք տեսնում, և ես անընդհատ այս հարցը բարձրացրել եմ: Ես Ձեզ գաղտնիք կարող եմ բացել՝ մենք նույնիսկ ունենք պատրաստած մի փաստաթուղթ, որի անունը դրել ենք աուդիտ, որտեղ թվարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք բրյուսելյան հարթակում ձեռք են բերվել, բայց հետագայում չեն իրականացվել: Ահագին հաստ փաթեթ է ստացվել, ինչը մտահոգիչ է», - ասել է Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում:
Բրյուսելյան վերջին հանդիպումները
Մայիսի 14-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրների լուծման հետ կապված, ինչպես նաև անհայտ կորածների և այլ մարդասիրական հարցեր։
Ամփոփելով Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանակցությունների արդյունքները՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ «առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) ու Ադրբեջանի (86,600 կմ2) տարածքային ամբողջականությանը»:
Այս տարվա հուլիսի 15-ին Բրյուսելում կրկին կայացել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը, որին քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամը, սահմանազատման աշխատանքները Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների և սահմանների անվտանգության, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, գերիների, անհայտ կորածների հետ կապված հարցեր։