Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպում են անցկացրել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանիում։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը Վրաստանում էր՝ մասնակցելու Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» ֆորումին։
Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում։ Imedi հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երեք վարչապետների հանդիպումը տևել է մի քանի ժամ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի սկզբին Վրաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է Վրաստանում երկկողմ և եռակողմ հանդիպումներ ունենալ Թբիլիսիի և Երևանի ներկայացուցիչների հետ, եթե հայկական կողմը համաձայնի դրան։
Նախկինում Վրաստանը մեկ անգամ չէ, որ միջնորդ է հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Մասնավորապես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 15 զինվորականի, իսկ Երևանը Բաքու ուղարկեց ականապատ քարտեզներ։ Միջնորդության մեկ այլ օրինակ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 16-ին Թբիլիսիում։