Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին Բաթում քաղաքում կայացած հանդիպմանը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը։
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետները հայտարարել են, որ տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու ընդհանուր հանձնառությամբ Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն ներգրավվել բարձր մակարդակի երկխոսություն ռազմավարական հարցերի շուրջ, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա արդյունավետ համագործակցության համար՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:
Կարևորվել են ինտենսիվ շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները, անդրադարձ կատարել տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը հուլիսի 7-8-ը աշխատանքային այցով կլինի Բաթումում։