Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակաբար մեծացնում է ճնշումը նախագահ Բայդենի վարչակազմի եւ Կոնգրեսի վրա՝ կոչ անելով վերջիններիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնել Արցախի քրիստոնյա բնակչության ցեղասպանական շրջափակումը քննադատող բանաձեւ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:
«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հատուկ հարթակների միջոցով ավելի քան 200․000 գրություններ են ուղարկվել նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին եւ ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների անդամներին՝ կոչ անելով «կանխել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերահաս ցեղասպանությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 250 օր շրջափակման հետեւանքով։ Այն Արցախը Հայաստանին կապող միակ մարդասիրական փրկօղակն է»։
Հասցեատերերից մասնավորապես պահաջնջվել է․
ՄԱԿ Անվտանգության խորհրդում առաջնորդել համապատասխան բանաձեւ՝ դատապարտելու Արցախի ադրբեջանական շրջափակումը եւ Լաչինի միջանցքի անհապաղ բացման կոչ անել՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավակիրառություն ենթադրող ժամանակավոր միջոցի կիրառման վերաբերյալ որոշման համաձայն։
Դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական եւ անվտանգային օժանդակությունը եւ ամբողջապես կիրառության մեջ դնել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի պահանջները (907-րդ բանաձեւ)։
Արցախում ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած հայ բնակչության համար ապահովել ամերիկյան մարդասիրական օժանդակություն։
Արցախի ցեղասպանական շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառել ամերիկյան օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ։
Վերոնշյալ պահանջներին նախկինում աջակցություն էին հայտնել, մասնավորապես, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, սենատոր Ալեքս Պադիլլան, Հայ Կոնգրեսի խմբի համանախագահներ Ադամ Շիֆը և Ֆրենկ Փալոնը, ինչպես նաև Թոնի Կարդենասը, Ջուդին։ Չու, Ռաջա Կրիշնամուրթին, Սեթ Շոփերը, Ջիմ ՄակԳովերնը, Քեթի Փորթերը և Դինա Տիտուսը: Իսկ սենատոր Բիլ Քեսիդին Արցախի շրջափակման վերաբերյալ սոցիալական ցանցերում բազմաթիվ հայտարարություններով դատապարտել է «Քրիստոնյա հայերի ցեղասպանությունը» Ադրբեջանում։
Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զեկույց էր հրապարակել, որում սահմանել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի կանխամտածված շրջափակումը հանդիսանում է ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի։