«Կարևոր եմ համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն»,- ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ առնվազն խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», - նշեց նա:
Սիմոնյանն ասաց, որ բոլոր այն կենտրոնները, որտեղ տեղի են ունենում բանակցություններ, պատրաստ են դառնալ երաշխավոր և կարևոր է, որ լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ լինի պայմանավորվածության պահպանմանը, որը ձեռք կբերվի. «Նոյեմբերի 9-ի հայտարարության պահպանումն անձամբ ինձ չի բավարարում ու վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդին էլ չի բավարարում մեր գործընկերների հայտարարությունը, պահվածքը։
Մենք ունենք նոյեմբերի 9-ի փորձը և նույն սխալները չենք անելու։ Ես որևիցե մեկին նկատի չունեմ, նկատի ունեմ երաշխավորման մեխանիզմներն ավելի հստակ պետք է ձևակերպված լինեն։
Վստահեցնում եմ՝ թե Եվրամիությունը, թե ԱՄՆ-ն , թե Ռուսաստանը պատրաստ են հանդիսանալ խաղաղության պայմանագրի կնքման երաշխավոր, բայց մենք պետք է ընտրենք հնարավորինս ավելի պինդ մեխանիզմ»։