Վրաստանի հետ փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունների խորացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- ասվում է Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված շնորհավորական ուղերձում։
Վրաստանի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում նշվում է, որ հայ և վրացի ժողովուրդները իրենց հետևողական պայքարի շնորհիվ ապացուցել են անկախ պետականության իրենց իրավունքը և այսօր, հավատարիմ մնալով իրենց ձգտումներին, շարունակում են սերտորեն համագործակցել պետականաշինության գործում։
«Վստահ եմ, որ առկա փոխգործակցության ներուժը և գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը հետագայում ևս կնպաստեն ու նոր խթան կհաղորդեն հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերությունների ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը»,- ասված է Փաշինյանի ուղերձում։