«Հայաքվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ի պաշտպանություն իրենց ներկայացրած օրինագծի, որը պահանջում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն։
Հիշեցնենք, որ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ընթանում է օրինագծի քննարկումը։
Նախաձեռնության անդամները կոչ են արել բոլորին, ովքեր միացել են դրան և մասնակցել նախագծին աջակցող ստորագրահավաքին, հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ։
«Եթե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվի աջակցել այս նախաձեռնությանը, ապա, ըստ էության, դեմ կլինի սեփական կառավարության ծրագրին»,- ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Մի խումբ հասարակական գործիչների կողմից ստեղծված «Հայաքվե» նախաձեռնությունը հունիսին դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով ստորագրահավաք կազմակերպելու համար։ Նախագիծն օրինագծի կարգավիճակ ստանալու համար հարկավոր էր առնվազն 50 հազար ստորագրություն, որոնք պետք է հավաքվեին 60-օրյա ժամկետում (հունիսի 21-ից օգոստոսի 18-ը)։ Ստորագությունները ժամկետից շուտ հավաքվեցին, և օգոստոսի 31-ին 58 հազար ստորագրություն ուղարկվեց ԿԸՀ մեկ ամսվա ընթացքում ստուգում իրականացնելու համար։ Հաջորդ փուլը նախաձեռնության քննարկումն է Հայաստանի Ազգային ժողովում։