Արցախի աջակցության ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ են բերել շուրջ 100 պարկ ալյուր և սնունդ՝ պահանջելով դրանք հասցնել Ղարաբաղ։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Ադրբեջանը խափանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Արցախ, ինչի պատճառով հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։ Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ է տեղադրվել։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարի կամրջի վրա տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է ապօրինի տեղադրված անցակետով բոլոր տեսակի մարդասիրական , այդ թվում մարդկանց և բեռների, փոխադրումները երկու ուղղություններով։