Ավելի քան 800 միլիոն դրամ (գրեթե 2 միլիոն դոլար) շուկայական արժեքով 10 կգ քաշով մետամֆետամինի խմբաքանակ է հայտնաբերվել Իրանի քաղաքացու ավտոբուսում՝ Մեղրիի մաքսակետով Հայաստանի մուտք գործելիս, հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։
Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Ղ.Ա.-ի կողմից շահագործվող ավտոբուսի զննության արդյունքում հայտնաբերել են շագանակագույն կաշվե պայուսակ, որի կողային պատերը լցված են եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով:
Պարզվել է, որ այս պայուսակը Հայաստանում պետք է ստանար Չինաստանի քաղաքացի Լ.Լ.-ն։
Պայուսակի պարունակությունը փոխարինվել է նմանատիպ նյութով, և «փաթեթը» ստանալու է եկել Լ.Լ.-ի կինը՝ Հայաստանի քաղաքացի Ս.Խ. Նրա բնակարանում հայտնաբերվել է ևս երեք նմանատիպ պայուսակ, որոնք նա հանձնել է ՊԵԿ աշխատակիցներին։ Պարզվել է, որ դրանք նույնպես մետամֆետամինով են լցված։
Լ.Լ.-ն ինքնակամ ներկայացել է թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի վարչություն և թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով ձերբակալվել։ Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի իրացման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (ՀՀ քրեական օրենսգրքի 393 և 399 հոդվածներ)։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: