Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ հայ ռազմագերիների մասնակցությունը ադրբեջանական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանութին Ժնևյան կոնվենցիայի ուղղակի խախտում է։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։
Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.
Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։
Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից:
Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։
Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։
Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։
Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին։
Բաքուն հայտարարում է, որ իր մոտ կա ընդամենը 33 հայ ռազմագերի և խաղաղ բնակիչ։ Սակայն, ըստ հայ իրավապաշտպանների, Ադրբեջանում գերության մեջ է գտնվում ևս 80 հայ։