Բավ է պառակտվել
30-11-2023 15:30

Ադրբեջանում պահվում է առնվազն 55 հայ գերի, նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան. փաստաբան

Պաշտոնական տվյալներով ներկայումս Ադրբեջանում պահվում է 55 հայ, սակայն ոչ պաշտոնապես հայտնի է շատ ավելի մեծ թվով գերիների մասին, հինգշաբթի լրագրողներին ասաց փաստաբան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Պաշտոնապես հաստատվել է, որ ադրբեջանական գերության մեջ են գտնվում Արցախի 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ: Ուզում եմ տեղեկացնել, որ սա ռազմագերիների միայն պաշտոնական քանակն է, սրանից զատ՝ նաև գերեվարվել են առնվազն 80 քաղաքացիական և ռազմական անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում»,- ասաց Սահակյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին են թույլ տվել այցելել գերիներին։ «Գերության ողջ ընթացքում այնտեղ (Ադրբեջանում) պահվող հայերը չեն կարողացել հանդիպումներ ունենալ խոշտանգումների կանխարգելման որևէ անկախ մեխանիզմի հետ»,- ընդգծել է Սահակյանը։

Նա նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունները գերիներին սովորաբար ուշանում են: Այսպես, Արցախի բարձրաստիճան գործիչների պարագայում այցը կայացել է գերեվարումից մի քանի շաբաթ անց։

«Բոլոր (Հայաստան) վերադարձած անձինք վկայել են վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին։ Համեմատելով առկա բոլոր տվյալները՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանում պարզապես չկա խոշտանգումները կանխելու մեխանիզմ։ Անկախ փորձագետների հասանելիության բացակայության պայմաններում անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի այս պրակտիկան շարունակվում է»,- նշեց իրավապաշտպանը։

Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների մասին

Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ՝ օգտագործելով հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել հանրապետության բոլոր պետական կառույցները լուծարելու մասին։ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ.

Արցախցիները հարկադրաբար լքել են Հայրենիքը և տեղափոխվել Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ հաշվառված և գրանցված է ավելի քան 108 հազար արցախցի։ Գործարկվել է առաջնային կարիքների https://e-soc.am հարթակը և ՀՀ սոցապ նախարարության «114» թեժ գիծը:

Տեղեկություններ են ստացվում ադրբեջանցիների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հայ ռազմագերիների մասնակցությունը ադրբեջանական հեռուստատեսությունով Ժնևյան կոնվենցիայի ուղղակի խախտում է. Հայաստանի ՄԻՊ
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Փաստաբանները հայց են ներկայացրել ընդդեմ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքերի համար