ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց են ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արա Զոհրաբյանը:
«Վարչական դատարանից խնդրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Երկրորդը` որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կատարելու Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում` փաստաթուղթ ստորագրելու»,– ասաց Զոհրաբյանը։
Նա նշեց, որ Հայաստանի Սահմանադրությունը հիմնված է Անկախության հռչակագրի վրա, որտեղ խոսվել է Հայաստանի ու Արցախի միավորման մասին։ Ելնելով դրանից՝ Զոհրաբյանը նշեց, որ Փաշինյանի գործողությունները, որոնք, ի թիվս այլ բաների, ունեն միջազգային հետեւանքներ, անօրինական են։
Այս տարվա մայիսի սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամության մասին՝ Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության երաշխիքներով։