Հայ մաքսավորները կանխել են ԱՄՆ-ից թմրանյութերի՝ ֆենտանիլի և հերոինի խմբաքանակների մաքսանենգ ճանապարհով երկիր ներկրելու փորձերը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացու անվամբ հնարավոր է Հայաստան ներմուծվի թմրամիջոցի պարունակությամբ առաքանի:
Օրեր անց Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և Զվարթնոց բաժնի աշխատակիցներն ԱՄՆ քաղաքացի Ա.Ք-ի անվամբ ՀՀ ներմուծված առաքանու մաքսային զննման արդյունքում հայտնաբերել են 10,8 գրամ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը թաքցված է եղել առաքանու իրերի մեջ: Ձեռնարկված «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ հիշյալ առաքանին ստանալիս, ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեսադաշտում է հայտնվել ԱՄՆ քաղաքացու հետ փոխկապակցված մի նոր քաղաքացի` Է.Մ-ն:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել ՀՀ քաղաքացու անվամբ ներմուծված առաքանին, որում առկա քաղցրավենիքի փաթեթի միջից հայտնաբերվել Է «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի 80 հաբ: Դրանք միախառնված և թաքցված են եղել նույն ապրանքանիշի քաղցրավենիքի հետ: Հիշյալ առաքանին ստանալիս, ՀՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է բնակության վայր` իր մասնակցությամբ բնակարանի խուզարկություն իրականացնելու նպատակով: Վերջինիս բնակության վայրից հայտնաբերվել է նաև 2 հատ «Մակարով» տեսակի հրազեն` լիցքավորված մարտական փամփուշտներով, բազմաթիվ օգտագործված ներարկիչներ` թմրամիջոցների հետքերով: Հայտնաբերվել են նաև բազմաթիվ այլ տարաներ` կրկին թմրամիջոցների հետքերով:
Բավ է պառակտվել