Բավ է պառակտվել
11-07-2023 18:16

Հայաստանում հանցագործություն կատարած անձինք զղջալու դեպքում կկարողանան խուսափել պատժից. Արդարադատության նախարարություն

Հայաստանի Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը, երեքշաբթի ասաց Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ըստ գործող Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի` նախատեսված է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը։ Ըստ այդմ` անձը կարող է օգտվել այս կարգավորումից, եթե առաջին անգամ է հանցանք կատարել, դա ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը»,- ԱԺ արտահերթ նիստում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Մինասյանը։
Նրա խոսքով, գործուն զղջալու դեպքում կարևորվում է քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցությունը, մեղքի ընդունումը, պատճառված վնասի հատուցումը կամ այլ կերպ հարթումը։
«Քրեական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարևոր է նման իրավակարգավորումը, որը նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունն»,- ասաց նախարարը։
Նախագծով սահմանված է նաև, թե որ դեպքում անձը չի կարող գործուն զղջալու հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ըստ նախարարի` դրանք են խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը կատարվել է ծանրացնող հանգամանքներում, ահաբեկչությունը, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, իշխանությունը յուրացնելը, սահմանադրական կարգը տապալելը, խոշտանգելը, ինչպես նաև բոլոր այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված է ցմահ ազատազրկում։
Միևնույն ժամանակ, այս իրավակարգավորումը չի կարող կիրառվել, եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետևանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից։

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության պլանը
Հայաստանի պաշտպանության նախարարությունում քննարկվել է նոր հատուկ նշանակության ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու մասին լուրերը
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Արցախի 6 համայնքների քաղաքացիական բնակչությունը տարհանվել է. Արցախի ՄԻՊ