Հայաստանը չպետք է միջամտի Լաչինի միջանցքին զուգահեռ ճանապարհների բացման հարցին, քանի որ դա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և բնակիչների ներքին գործն է, ասաց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքին զուգահեռ Աղդամի ճանապարհի հնարավոր գործարկման մասին լուրերը։
« Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի։ Միևնույն ժամանակ, այլ ճանապարհների հետ կապված հարցերը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և ժողովրդի խնդիրն են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խանդանյանը։
Նրա խոսքով, Լաչինի միջանցքի բացումը չափազանց կարևոր է հատկապես Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի բարելավման և այնտեղ ապրող հայերի անվտանգության ապահովման տեսանկյունից։