Արցախի իշխանությունները ընդունում են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հայտարարությունում ասվում է.
«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։
Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:
Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»:
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ից, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և մարտական ինքնաթիռներ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 32 մարդ (7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա), ավելի քան 200-ը՝ վիրավորվել (35 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախի ՄԻՊ-ի տվյալներով՝ 16 բնակավայրերից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։
Երեքշաբթի ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «իբր տարածաշրջանում ձեռնարկվել են տեղային բնույթի հակաահաբեկչական գործողություններ՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով»։