Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 28-ին ԱՀ Ազգային ժողովի դահլիճում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել , որին մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներ, ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հասարակական մի խումբ գործիչներ, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ, հայտնում են նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Օրակարգում Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցն էր:
Նախագահ Հարությունյանը կարևորել է ընդլայնված և ներկայացուցչական ձևաչափով խորհրդակցության փաստի կայացումը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին: Նա անդրադարձել է շրջափակումից առաջ և ընթացքում իրականացված արտաքին քաղաքական ջանքերին և Ադրբեջանի ու միջնորդների կողմից ներկայացված տարբեր առաջարկների:
Նախագահն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կառուցողական բանակցություններով լուծել ծագած հիմնախնդիրները: